
ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԻԾԸ
Երևանի և Բաքվի մամուլի ակումբները, Ստեփանակերտի մամուլի ակումբի մասնակցությամբ, նախաձեռնել են համատեղ նախագիծ՝ «Ղարաբաղյան հակամարտությունը ԶԼՄ-ների և հասարակական կարծիքի հայելու մեջ՝ Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում», որն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի Ցանցային Մեդիա ծրագրի աջակցությամբ։
Նախագիծը նախատեսում է աշխատանքներ երեք հիմնական ուղղություններով՝
— սոցիոլոգիական հարցում Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում՝ հակամարտության հնարավոր կարգավորման ուղիների վերաբերյալ հասարակական վերաբերմունքները պարզելու նպատակով,
— հարցում Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի որոշում կայացնողների շրջանում՝ բացահայտելու համար հակամարտության կողմերի պաշտոնական դիրքորոշումները և հետագա մտադրությունները, ինչպես նաև այդ դիրքորոշումները հասարակական տրամադրությունների հետ համադրելու նպատակով,
— ԶԼՄ-ների՝ ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային, մշտադիտարկում Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում՝ ուսումնասիրելու յուրաքանչյուր ներգրավված կողմի կողմից Ղարաբաղյան խնդրի լուսաբանման առանձնահատկությունները։

Ստացված տվյալները հնարավորություն կտան իրականացնել սոցիոլոգիական հարցման, որոշում կայացնողների շրջանում անցկացված հարցման և ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքների համեմատական վերլուծություն՝ պարզելու, թե արդյոք և ինչ չափով են որոշում կայացնողների գործողությունները և հասարակական տրամադրությունները համընկնում, ինչպես նաև գնահատելու ԶԼՄ-ներում Ղարաբաղյան խնդրի լուսաբանման համարժեքությունը։
Նշված ուղղություններից բացի, նախատեսվում է նաև անցկացնել հայկական, ադրբեջանական և ղարաբաղյան լրագրողների երեք համատեղ համաժողովներ՝ Երևանում, Բաքվում և Ստեփանակերտում՝ ուսումնասիրվող հարցերի շուրջ։
Իրականացված հետազոտությունների հիման վրա նախագծի երեք գործընկեր կողմերը կպատրաստեն ամփոփիչ զեկույցներ, որոնք նախատեսվում է հրատարակել առանձին բրոշյուրի տեսքով՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով։
